Եվրոպական Միության ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է` Գերմանիայի և Ֆրանսիայի:
Գերմանիայում և Ֆրանսիայում աջ կողմնորոշման ուժերը ընդլայնում են իրենց ազդեցությունը և, հնարավոր է, որ այս երկրներում աստիճանաբար աջերը կգան իշխանության: Դա նշանակում է Ֆրանսիայում և Գերմանիայում ազգային օրակարգերի դոմինանտություն և ԵՄ-ին տրվող քաղաքական նշանակության նվազում:
Կոլեկտիվ անվտանգության համակարգին զուգահեռ կամ գուցե առավել՝ ազգային անվտանգության համակարգին կտրվեն մեծ ռեսուրսներ, և Գերմանիան ու Ֆրանսիան կձգտեն հին աշխարհամասը վերադարձնել համաշխարհային ազդեցության վերաբաժանման մրցասպարեզ, որտեղ նախ կբաժանվեն ազդեցության գոտիները հենց հին աշխարհամասում...
ԵՄ-ը չի մնա այն տեսքով, ինչպիսին կա: Այն ապագայի երկու հեռանկար ունի` ավարտել իր պատմական առաքելությունը կամ աստիճանաբար դառնալ միութենական պետություն` առաջնահերթ ռազմական և քաղաքական բաղադրիչներով:
Աշխարհը վերադառնում է իր իրական բնույթին, որտեղ չեն կարող լինել համաշխարհային կառավարություններ կամ համաշխարհային հիերարխիա, այլ անարխիկ հարաբերություններ, պետությունների միջև ուղղահայաց և հորիզոնական փոխհարաբերություններ` կախված նրանց կշռից և հնարավորություններից:
Մի խոսքով, ավելի վայրի, բայց ավելի հետաքրքիր աշխարհ:
Արա Պողոսյան